Դեկտեմբերի 27-ից Գյումրիի ավտոմաքսատունը կաշխատի շուրջօրյա՝ մինչև դեկտեմբերի 31-ը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրի կատարած այցից հետո։Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Գյումրիում գտնվելու ընթացքում չնախատեսված այց է կատարել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է այդտեղ իրականացվող ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:
Ըստ այդմ, վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՊԵԿ-ի, Ոստիկանության ղեկավարներին և առաջարկել Կենտրոնական բանկի ղեկավարին ավելացնել նաև սպասարկող անձնակազմի թիվը: Արդյունքում կայացվել է որոշում. «Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը շրջել է նաև կենտրոնի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ դրանք ընթանում են լայն թափով և ձմռան ամիսներին ևս շարունակվելու են: