Այսօր առավոտից Սահմանադրական դատարանի շենքում գտնվող Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչները հարցաքննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:
Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ Թովմասյանին հարցաքննում են որպես վկա:
Սահմանադրական դատարանի շենքի մոտ այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա, որին մասնակցում են քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փաստաբաններ:
Հիշեցնենք, որ երեկ ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, համաձայն որի ՝ Սահմանադրական դատարանի դատավորները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կամավոր կենսաթոշակի անցնելու դեպքում մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը կստանան կենսաթոշակ՝ իրենց աշխատավարձի և պարգևավճարների չափով: Այս օրենքն առաջացրեց քաղաքական և փորձագիտական շրջանակների երկակի արձագանքը: Բազմաթիվ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հորդորեցին ՀՀ Նախագահին չստորագրել այս օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան ՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը:
Նախագահի՝ օրենքը ստորագրելուց անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայության քննիչները գնացին Սահմանադրական դատարան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանին հարցաքննելու են այսօր: