Դեկտեմբերի 6-ի նիստին ՀՀ Ազգային ժողովը քննարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծը հեղինակել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում կատարել լրացումներ նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով:
Նշենք, որ Կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն և ներկայացրել մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի են եղել հիմնական զեկուցողի կողմից: