Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը պայմանավորվել են հաջորդ տարվա սկզբին հերթական անգամ հանդիպել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրատիսլավայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները և հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով ՝ Բրատիսլավայում երկու նախարարների հանդիպման ժամանակ, որը շարունակվել է ավելի քան 3 ժամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կողմերը լայն քննարկումներ են անցկացրել:
«Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկա վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները»,-նշվում է հայտարարության մեջ: