ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքապետարանի հրապարակած նվիրատուների ցանկին:Նա մասնավորապես գրել է.«ԵՎ ուրեմն՝ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի՝ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա: Դարձյալ ըստ մամուլի, «Կամազները» Հայկ Մարությանի սիրուն աչքերի կամ «Ազիզյաններ» սիթքոմում Գառնիկի կերպարի օսկարակիր մեկնաբանման համար չեն տրվել։ 3 «Կամազի» դիմաց քաղաքապետարանը ստորագրել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտը, որը մինչ այդ չէր ստորագրում»։
Նա անդրադարձել է նաև «Ն» և «Ս» ՍՊԸ-ի նվիրատվությանը, և նշել, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի, դրա դիմաց Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նաև մեկ այլ նվիրատուի՝ «Տերյան-5» ՍՊԸ-ին, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներինն է և նշել, որ «նրանց մատուցած նվերը ոչ թե մեքենաներ են, այլ Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի «Սանմաքրման և աղբահանության» հիմնարկի համար նախատեսված ավտոպարկը և սպասարկման կենտրոնը, որը կառուցվում են որպես նվեր քաղաքին: Բայց, ըստ մամուլի, պարզվում է, սա էլ նվեր չէ։ Դրա դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա ևս 5 հարկ ավելացնել»:
Նաիրա Զոհրաբյանն իր գրառման վերջնամասում նշել է, որ եթե պարզվի, որ այս ամենն իրականություն է, ապա սա կլինի հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ սկանդալը: