Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին ներդրումային գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպված այս գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններին:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Մոլդովայի վարչապետների, Վրաստանի փոխվարչապետի հետ մասնակցել է «Խթանելով աճը. հնարավորություններ ներդրողների համար» խորագրով լիագումար քննարկմանը։
Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների ներդրումային հնարավորությունները, ներդրումային միջավայրի ու մթնոլորտի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև մարտահրավերները։
Մինչ քննարկումը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ կատարած հիանալի աշխատանքի համար՝ նշելով, որ ինքն անձամբ գիտի, որ դա հեշտ չէ, քանի որ տարիներ առաջ՝ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Արմեն Սարգսյանը խորհրդատվություն էր տրամադրում ՎԶԵԲ նախագահներին։
Ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ օտարերկրյա ներդրողները պետք է մտնեն Հայաստանի պես փոքր շուկա ունեղոց երկիր, Արմեն Սարգսյանը պատասխանել է․
«Կան հարյուրավոր պատճառներ, ես թվարկեմ դրանցից միայն մի քանիսը։
Այո՛, մեր երկիրն ունի 3.5 մլն բնակչություն, սակայն, փոքր երկիր լինելով, համաշխարհային ազգ է: Արտասահմանում բնակվում է 4-5 անգամ ավելի շատ հայ: Նրանց մեծ մասը նաև ՀՀ քաղաքացիներ են: Ես ամեն ամիս ստորագրում եմ բազմաթիվ դիմումներ մարդկանց, որոնք ստանում են Հայաստանի անձնագիր: Ուստի, երբ մտածում եք Հայաստանի մասին, պետք է մտածեք փոքր պետության, բայց համաշխարհային ազգի մասին: Մեր շուկան 15 միլիոնանոց շուկա է, ոչ թե 3 միլիոնանոց: Արտասահմանում բնակվող շատ հայեր, հատկապես հանրապետությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո, պատրաստ են գալ և ներդրումներ անել Հայաստանում: Ուստի, երբ մտածում ենք Հայաստանում ներդրումների մասին, պետք է հասկանանք, որ կան տեղացի հայեր, համաշխարհային հայեր և այլք»:
Արմեն Սարսյանը նշել է նաև, որ չնայած հայկական շուկան փոքր է, սակայն Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ։
«Մենք սպասում ենք դրա վերջնական վավերացմանը, որպեսզի ավելի ու ավելի մոտ լինենք ԵՄ-ին թե՛ տնտեսական կապերի, թե՛ առևտրի, թե՛ այլ առումներով: Սակայն պետք չէ մոռանալ նաև, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում, ինչը հավելյալ 170 մլն մարդ է ենթադրում: Հայաստանը կարող է լինել դարպաս ցանկացածի համար, ով ուզում է ներդրումներ անել տարածաշրջանում»:
«Այս ու նման այլ պատճառների համար կարող եք գալ Հայաստան ու ներդրումներ անել՝ գտնելով Ձեր գործընկերոջը»,- ընդգծել է նախագահը։
Ամփոփելով իր խոսքը ՀՀ նախագահը շեշտել է, որ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, շատ սերտ հարաբերություններ ունի ԵՄ-ի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետ: Սա եզակի երկիր է, որը մոտ հարաբերություններ ունի Եվրոպայի և Եվրասիայի, հյուսիսի և հարավի հետ»։
Հանդիպման ավարտին Արմեն Սարգսյանը քննարկման մասնակիցների հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հաջորդ տարի կայանալիք մի շարք համաժողովների՝ մասնավորապես «Մտքերի գագաթնաժողով»-ին։