Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, Իտալիա կատարած այցի շրջանակներում, ելույթ է ունեցել «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով Միլանում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն, և այդ հարաբերությունները չէին սահմանափակվում միայն տնտեսական շահերով, քանի որ դրանք զուգորդվում էին գիտական և մշակութային շփումներով, հումանիտար աղերսներով, նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանակմամբ՝ հավելելով, որ այժմ հայ-իտալական հարաբերությունները գտնվում են գործընկերության և փոխվստահության բարձր մակարդակի վրա:
ՀՀ վարչապետը նշել, որ այսօր խորը և համապարփակ կերպով զարգանում են երկու երկրների հարաբերությունները տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում՝ ընդգծելով, որ առևտրատնտեսական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչն է:
«Իտալիան Եվրոպական միության երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով: Հարկ եմ համարում նշել, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իտալական Sartex-ը և Ceramisia-ն իրենց արտադրական մասնաճյուղերը բացեցին Հայաստանում: Ուղիղ 15 օր առաջ Telecom Italia Sparcle-ը համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրեց հայկական Ucom ընկերության հետ` ինտերնետ ծառայություններ մատուցելու համար», – նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է նաև վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում արձանագրված հաջողությունները։