ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, նոլեմբերի 20-ին Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Միլանի քաղաքապետը նշել է, որ ՀՀ վարչապետի այցը լավ հնարավորություն է համագործակցության հարցերը քննարկելու համար։
Ջուզեպպե Սալան խոսել է քաղաքային զարգացման, նորարարությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին և մանրամասներ ներկայացրել քաղաքում հանրային տրանսպորտի բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Միլան կատարած այցը՝ նշելով, որ այն Իտալիայի ֆինանսական, տնտեսական, մշակութային կարևորագույն կենտրոններից է։
ՀՀ վարչապետը ողջունել է Միլանի զարգացմանը միտված ծրագրերը և նշել, որ Հայաստանը և մայրաքաղաք Երևանը հետաքրքրված են տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համատեղ նախաձեռնություններով։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների շուրջ փորձի փոխանակումը և համատեղ քննարկումները։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2020 թվականի հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Երևան-Միլան-Հռոմ չվերթի գործարկման կարևորությանը, որը կխթանի Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական, գործարար, մշակութային, զբոսաշրջային և մարդկային կապերը, կամրապնդի քաղաքական հարաբերությունները։
Հայաստանի վարչապետը և Միլանի քաղաքապետը կարևորել են Միլանի հայ համայնքի դերակատարությունը Հայաստան-Իտալիա հարաբերությունների ամրապնդման գործում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իտալական մշակութային կապերի զարգացման հեռանկարների շուրջ։