Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ուկրաինայի խորհրդարանում հանդիպել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Հանդիպման ժամանակ Զարեհ Սինանյանը նշել է, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա, և հայ համայնքը ինտեգրված է իր բնակության երկրի կյանքին, գործում և արարում է` փորձելով պահպանել ինքնությունը:
Հանձնակատարն ընդգծել է Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում:
Պատգամավորներն իրենց ոգևորությունը հայտնեցին միջխորհրդարանական նման համագործակցության մեկնարկի առթիվ, խոսեցին հայ համայնքի, ընդհանրապես հայկական սփյուռքի, նրա առանձնահատկությունների մասին:
Զարեհ Սինանյանը Ուկրաինայի խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո ացելել է Կիևի Սրբոց նահատակաց մատուռ:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ շրջել է մատուռի տարածքում, ծանոթացել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքին:
Այցի ընթացքում Զարեհ Սինանյանն այցել է նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարին, որը տեղադրվել է Կիևի հայ համայնքի կողմից: