Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Ուկրաինայի դեսպանության՝ ՀՀ քաղաքացիների Ղրիմ «ապօրինի այցի» վերաբերյալ հայտարարությունը։
«Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,- նշել է Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ Հայաստանի քաղաքացիների Ղրիմ «ապօրինի այցի» վերաբերյալ։
Համաձայն դեսպանության հայտարարության՝ Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ:
«Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում են ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը: Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը»,- ասված է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության հայտարարության մեջ։