Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին է հանձնել խորհրդանշական նվեր` Հայկ Դեմոյանի «Le Sport» գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարզական ակումբների մասին:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գրքին՝ նշելով, որ հրաշալի պատմական լուսանկարների միջոցով այն պատմում է 1915 թվականի ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած մարզական ակումբների և մարզական նվաճումների մասին:
ՀՀ վարչապետն այցելել է համաժողովի շրջանակում բացված IDEA հիմնադրամի տաղավար, որտեղ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին` հիմնադրամի գործունեությանը, այդ թվում` «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության մասին պատմող նյութերին: Վարչապետը հանդիպեց նաև «Ավրորա»-ի մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինայի հետ։