«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ռուս մասնագետների` հայկական կենսալաբորատորիաներ մուտք գործելու հուշագրի հետ:Նրանք սա որակել են որպես վտանգավոր գործընթացի մի մաս.«ՀՀ իշխանությունը կանաչ լույս է վառել ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում գտնվող կենսալաբորատորիաները ՌԴ տեսչական վերահսկողությանը հանձնելու պահանջի առաջ և պատրաստվում է ՌԴ-ի հետ ստորագրել համապատասխան հուշագիր:
Սիրիա ՀՀ ԶՈՒ զորախումբ ուղարկելու, ՄԱԿ-ում ՌԴ օգտին քվեարկելու, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի փաստաբանի դերում հանդես գալու, Արցախի հարցը Մոսկվայի հայեցակարգի համատեքստում պահելու տարօրինակ և անընդունելի քայլերի շարքը լրացնող այս գործողությունը շատ վտանգավոր և կորստաբեր մի ընթացք է ուրվագծում»:
Կուսակցությունը կարծում է, որ այսպիսով ՀՀ ինքնիշխանությունը զիջում են Ռուսաստանին, իսկ այսպիսի հարմարվողական կեցվածքը դատապարտելի է:
«Մի պետության ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում իրականացվող գործունեության նկատմամբ մեկ այլ պետությանը տեսչական վերահսկողության հնարավորություն տալը կարող է հանգեցնել ՀՀ ինքնիշխանության և վարկի որակական անկման:
Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է սթափվել և, մասնավորապես՝ հրաժարվել ՀՀ և ՌԴ միջև այդ կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչություն սահմանող հուշագիրն ստորագրելու մտադրությունից»,-նշված է կուսակցության քարտուղարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ռուս մասնագետների` հայկական կենսալաբորատորիաներ մուտք գործելու հուշագրի հետ կապված բանակցություններն ավարտվեցին։ Այս մասին երեկ ՌԴ արտգործնախարարն ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ճեպազրույցի ժամանակ։