ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Թավազուն» (“Tawazun”) տնտեսական խորհրդի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։
Աղբյուրը հայտնում է, որ «Թավազուն» տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թ. Աբու Դաբիում, նրա գործունեությունն ընդգրկում է հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից նորարական տեխնոլոգիական ոլորտը։
Նախագահ Սարգսյանը հանդիպման ընթացքում հայտնել է, որ արդեն իսկ կան համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ՝ վստահություն հայտնելով, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կսկզբնավորեն փոխգործակցության նոր հնարավորություններ։
Խորհրդի գործադիր տնօրեն Թարեք ալ Հոսանը նշել է, որ հայաստանյան ինժեներական և նորարարական ընկերություններում իր տեսածը տպավորիչ է և լավ հիմք է ստեղծում հետագա գործընկերության համար՝ ընդգծելով, որ ակնկալում են երկարատև ու արդյունավետ համագործակցություն։
Զրուցակիցները հատկապես քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, կրթության, ուսանողների փոխանակման և գիտահետազոտական ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
Արմեն Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը․ այն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը:
Ծրագրի առաջնային նպատակների շարքում է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստան մուտքի ապահովումը։
Նախագահը առաջարկել է համագործակցության եզրեր փնտրել նաև այս ծրագրի շրջանակում։