Նոյեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի, գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի և աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, եվրոպական տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը և այլ ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքն՝ ուղղված Արցախի սատարմանը, և հույս հայտնել, որ կառույցը նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: