Մոնակոյում հոկտեմբերի 30-ին և 31-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը, որը նախագահել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Համաժողովի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը հանդես է եկել բացման խոսքով։
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է երևանյան գագաթաժողովի ժամանակ ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից ստանձնված պարտավորությունների կատարման ընթացքն ու Հայաստանի նախագահության ձեռնարկած նախաձեռնությունները։
Որպես Հայաստանյան նախագահության առաջնահերթություն՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է ֆրանկոֆոն տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդումը և թվային օրակարգի խթանումը, նորարարության և նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ, այդ ոլորտներին մեր կողմից տրվող կարևորությամբ պայմանավորված, բանաձևի նախագծի ներկայացումը վճռական քայլ է Ֆրանկոֆոն տարածքում առկա թվային ներուժի լիարժեք իրացման և նոր գաղափարներով հանդես գալու ճանապարհին:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ի թիվս այլ նախաձեռնությունների, Հայաստանը կնպաստի Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների տնտեսական ֆորումի կազմակերպմանը։
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Մոնակոյի իշխանությունների կողմից այս համաժողովի քննարկմանը ներկայացված բնապահպանական թեմաները՝ վստահություն հայտնելով, որ այն կամրապնդի Կազմակերպության կողմից արդեն իսկ որդեգրված դիրքորոշումը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում:
Նիստի ավարտին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանը հանձնել է Թունիսին: