Հոկտեմբերի 30- ին ՀՀ ԱԳ նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Զոհրաբ Մնացականյանը ՖՄԿ 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին բացման խոսքով է հանդես եկել, որում նախարարը մասնավորապես ասել է․
«Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար,
Տիկին Գլխավոր քարտուղար,
Գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ, այս ֆրանկոֆոն միջավայրում, որն ինձ այնքան հարազատ է դարձել: Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարարին՝ ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին ցուցաբերած ջերմ ընդունելության համար»:
Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում նշել է, որ Երևանում կայացած Գագաթաժողովից անցել է ավելի քան մեկ տարի, բայց Ֆրանկոֆոնիայի այդ հիանալի հանդիպման օրերը դեռ առկա են հայերի հիշողություններում:
Նախարարն ընդգծել է, որ իրենց կողմից այն ժամանակ մատնանշված մարտահրավերները չեն փոխվել:
«Խաղաղությունը, համերաշխությունը, այն հիմնարար արժեքները, որը բոլորս կիսում ենք, շարունակում են մնալ «Ապրել միասին»-ի հիմքում՝ հանդիսանալով մեր ընդհանուր ժառանգության մի մասը և մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանալին»,-ընդգծել է նախարարը:
Առանց հանուն խաղաղության, ինչպես նաև ծայրահեղականության ու ահաբեկչության սպառնալիքների դեմ մեր համախմբման, այդ աղետը կշարունակի ծառայել իր նպատակին: Այսօր այն ազդում է Ֆրանկոֆոնիայի անդամ մի շարք երկրների վրա: Կարևոր է կրկին վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին: Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմական ներխուժումը խորը մտահոգություն է առաջացրել՝ առաջ բերելով հումանիտար լուրջ ճգնաժամ, ինչպես նաև ռիսկեր՝ նպաստելու «Իսլամական պետության» վերականգնմանը՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարը շեշտել է, որ ֆրանկոֆոն տարածքում նորարարության և նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը պետք է մնա կազմակերպության օրակարգի հիմքում, դրանով պայմանավորված Հայաստանի նախագահությունը ներկայացրել է բանաձևի նախագիծ՝ ընդգծելով այն փաստը, որ տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումը պետք է ծառայեն՝ ի օգուտ մեր ժողովուրդներին, հատկապես՝ կանանց ու երիտասարդներին:
«Մենք հավատում ենք մարդու իրավունքների համընդհանուրությանը, և որ դրանց պաշտպանությունը պետք է տարածվի բոլոր մարդկանց՝ ողջ մարդկության վրա: Ուստի մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում պետք է ապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ՝ Արցախի ժողովրդի տնտեսական և սոցիալական իրավունքները: Արցախի ժողովուրդն իրավունք ունի տնօրինել իր սեփական ճակատագիրը և կառուցել ավելի լավ ապագա իր գալիք սերունդների համար»,- իր ելույթում ընդգծել է նախարարը:
Նախարարը ելույթի վերջում անդրդարձել է նաև հոբելյանական այն միջոցառումներին, որոնք սպասում են Ֆրանկոֆոնիային 2020 թվականին։