Արսեն Բաբայանի պարագայում որևէ քաղաքական հետապնդում չկա, դա բացառապես իրավական գործընթաց է. այս մասին հոկտեմբերի 25 -ին ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե համապատասխանում է արդյոք իրականությանը, որ Արսեն Բաբայանի ձերբակալությունն անմիջականորեն կապված է Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու իշխանությունների ձգտման հետ՝ Հովհաննես Իգիթյանը նշեց․
«Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանն է ցանկանում քաղաքականացնել այդ ամբողջ գործընթացը՝ մշտապես հանդես գալով քաղաքական հայտարարություններով»:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։