ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։
Միրոսլավ Լայչակի խոսքով` երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա առաջիկայում։
ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ նշելով, որ այս տարվա ընթացքում դրական նշաններ են նկատվում ինչպես երկու երկրների ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով:
«Միաժամանակ գրանցվել են նաև մտահոգիչ դրվագներ շփման գծում, որոնք հանգեցրին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»,- ընդգծել է Միրոսլավ Լայչակը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում։