ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
Զրուցակիցներն ընդգծել են բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման հարցում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։
Տիգրան Ավինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի աշխատանքին և խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցությանը։
Զրուցակիցները կարևորել են նաև վիրահայ համայնքի դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել սերտացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խոշոր տնտեսական ծրագրերին վերաբերող հարցեր։