ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է չեխ դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը:
ՀՀ վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հարցեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը:
Դեսպան Բեդրիխ Կոպեցկիին նշել է, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնելը և պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը՝ հայ-չեխական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ: Դեսպանի խոսքով՝ Չեխիան սատարում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության, Արևելյան գործընկերության ձևաչափերում զարգացնել կապերը:
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր, անդրադարձել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հնարավորություններին, մտքեր փոխանակել ԵՄ շրջանակում մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: