Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևը զրույց են ունեցել: Այս մասին Արմենպրես-ին է հաղորդել Վարչապետի մամլո-քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Աշխաբադում կայացած ԱՊՀ անդամ-պետությունների գագաթաժողովից հետո հյուրնկալող երկրի կողմից կազմակերպված ճաշի ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի հարցը: Քննարկման հնարավորություն ստեղծվել է շնորհիվ այն բանի, որ պետությունների ղեկավարները նստել են ըստ այբբենական կարգի:
Զրույցի հիմնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը, լարվածությունը մեղմելու հնարավորությունները և առաջիկա քայլերը:
Ըստ Վարչապետի խոսնակի` զրույցը տևել է մոտ 1.5-2 ժամ:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը լայն թափով սկսվել է 1988թ., իսկ 1994թ. կնքվել է զինադադար: Չնայած դրան` Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը` կրակոցներ արձակելով հայկական սահմանապահների ուղղությամբ: Ներկայումս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: