Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
ՀՀ ԱԳՆ-ն մտահոգիչ է համարել ազգային և կրոնական փոքրամասնությունների համար ստեղծված իրավիճակը։
«Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։
«Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողություններն է սկսել։