Երևանում հոկտեմբերի 6-9-ը ընկած ժամանակահատվածում կկայանա ՏՏ համաշխարհային համաժողով ( «WCIT 2019»):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովին ընդառաջ հանդես է եկել ողջույնի խոսքով։
Նա նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանն առաջ է շարժվում և ամրապնդում աշխարհում իր դիրքերը որպես տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր, և որ Հայաստանի կառավարությունը Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները հռչակել է ռազմավարական կարևորության ոլորտ՝ մշակելով օրենսդրություն, որը կգրավի միջազգային տեխնոլոգիական ընկերություններին և կնպաստի տեղական արդյունաբերության զարգացմանը։
Վարչապետը ընդգծել է, որ ՏՏ-ն իր ղեկավարած կաբինետի մշակած տեսլականի հիմքն է, ինչն իրագործելու ճանապարհին կառավարությունը պատրաստ է բարեփոխել մեր կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները և ներդրումներ անել մարդկային կապիտալում։
«Այսօր հայկական ստարտափները կարող են պարծենալ Սիլիկոնյան հովտում իրենց նշանակալի ներկայությամբ»,-նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ ապագայում հայկական տեխնոլոգիական գերակայությունն ապահովելու համար կառավարությունը մտադիր է բազմապատկել կրթական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ջանքերը՝ վերջիններս դինամիկ զարգացող արդյունաբերության պահանջներին համապատասխանեցնելու հրամայականով։
Վարչապետ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանը պատվով կիրականացնի միջազգային համաժողովի՝ իր ստանձնած հյուրընկալի դերը։
«Չափազանց հպարտ եմ տեղեկանալ, որ «WCIT»-ի 40-ամյա պատմության ընթացքում համաժողովն առաջին անգամ տեղի է ունենում այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է»,-ասել է վարչապետն ու նշել՝ անհամբերությամբ սպասում է Հայաստանում համաժողովի հյուրերին ողջունելուն: