Հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Տավուշի մարզում հակառակորդի կրակից զոհված պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։
Նախագահի հրամանագրում մասնավորապես նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի,
ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի ԱԲՈՎՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 3-ին հակառակորդի արձակած կրակից Տավուշի մարզում զոհվել է ՀՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։