ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։
Արարատ Միրզոյանն ու Վիկտորաս Պրանցկետիսին առանձնազրույց են ունեցել և քննարկել համագործակցության մի շարք ուղղություններ:
Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման համար՝ ընդգծելով, որ այն շատ կարևոր է ՀՀ-ի համար:
Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանականներին՝ միջազգային տարբեր հարթակներում Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերած աջակցության և հավասարակշիռ մոտեցման համար:
Լիտվայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակեն տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով:
ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի պատվիրակությանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող գործընթացները:
Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լիտվան նույնպես առերեսվում է մի շարք խնդիրների: «Անցած ամիս, օրինակ, մեր խորհրդարանն ամենաբարձր մակարդակի 6 դատավոր պաշտոնից ազատեց, քանի որ կասկած կար, որ նրանք կոռուպցիոն գործողությունների մեջ են ներգրավված: Կարծում եմ, որ այս խնդիրները գլոբալ տարածում ունեն: Իհարկե, յուրօրինակ չէ ձեր դեպքը, մենք հուսով ենք, որ մեր փորձը արժեքավոր կլինի նաև ձեզ համար: Արդարադատության համակարգն արդեն իսկ օրենքներ է ներկայացրել Լիտվայում՝ դատաիրավական համակարգի կոնսոլիդացման համար: Վերջին տարիների ընթացքում դատարանների նկատմամբ հավատը նշանակալիորեն ավելացել է հանրության շրջանում: Հուսով ենք, որ յուրաքանչյուր երկիր՝ ներառյալ Հայաստանը, կկարողանա նման վստահություն ձեռք բերել»,- ասել է Վիկտորաս Պրանցկետիսը:
Վիկտորաս Պրանցկետիսը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Հայաստան այցելելու հրավերի համար և նշել, որ իրենց այցը հաստատում է, որ երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։
Վիկտորաս Պրանցկետիսը նշել է, որ Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով և ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Լիտվա: Վիկտորաս Պրանցկետիսը տեղեկացրել է, որ ամանորից հետո նախատեսվում է Լիտվայի վարչապետի այցը Հայաստան։