ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման սկզբում Նիկոլ Փաշինյանը ողջունել է կոնգրեսականի այցը Հայաստան և Արցախ ու վստահություն հայտնել, որ այս այցն էլ ավելի կամրապնդի պարոն Փալոնի կապը հայ ժողովրդի հետ:
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, հայկական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում: Վարչապետն անդրադարձել է նաև Կալիֆորնիա կատարած իր այցին և վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի Հայաստանի և ԱՄՆ խոշորագույն նահանգներից մեկի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Կոնգրեսականն իր հերթին նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ և Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներով: Նա ընդգծել է, որ շարունակելու է ակտիվ ջանքերը երկու երկրների միջև հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու, Հայաստանին և հայ ժողովրդին իր ակտիվ գործունեությամբ աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, ինչպես նաև դրա իրականացման գործում ԱՄՆ կառավարության հետ գործակցությանը։