Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և ԲՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը, հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին հայ և բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակվել նաև երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջև համագործակցության ու առաջիկա աշխատանքային ուղղությունների վերաբերյալ: