ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Դեբետային մնացորդներն առաջացել են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի և պարտավորության բացասական տարբերությունից:
Անանյանը նշել է, որ գործող կարգով հարկ վճարողի դիմումի հիման վրա վերադարձվում են 2017-ի հուլիսի 1-ից հետո առաջացած ԱԱՀ-ի դեբետները: Կառավարության որոշմամբ վերադարձի ուսումնասիրման կարգ էր մշակվել, որով նախատեսված է պարզեցված ընթացակարգ` մինչ 20 մլն ԱԱՀ դեբետների համար:
Սակայն ի տարբերություն գործող կարգի՝ այս օրինագծով վերացվում է հին ու նոր դեբետների անջրպետը՝ այսինքն, ընդհանուր բոլոր ԱԱՀ-ի դեբետները ենթակա են վերադարձման հարկ վճարողներին` նրանց դիմումի հիման վրա։
Ընդհանուր դեբետների գումարը կազմում է շուրջ 56 մլրդ դրամ, և մինչև 5 մլն դեբետային գումար ունեցողների թիվը գերազանցում է 2000-ը։
Գումարների վերադարձը կիրականցվի 3 ընթացակարով․ մինչև 5 մլն դեբետային գումար ունեցողներին վերադարձը կատարվելու է առանց դիմումի և առանց ուսումնասիրություն իրականացնելու, 5-40 մլն դեբետային գումար ունեցողների համար կիրառվելու է պարզեցված ընթացակարգ, իսկ 40 մլնից բարձրի համար կիրառվելու է ուսումնասիրություն և ստուգում: ՊԵԿ նախագահը նշել է, որ այսօրվա գործող 20 մլնի շեմը բարձրացվել է և դարձվել՝ 40 մլն դրամ:
ՊԵԿ նախագահը նշել է, որ սեպտեմբերի 8-ի դրությամբ շահառուների ընդհանուր թիվը 2835 հարկ վճարող է, որոնցից գործող են 2571-ը, մնացածը` ժամանակավորապես դադարեցված կարգավիճակ ունեն: 2571-ին բաժին է ընկնում 50 մլրդ 748 մլն դրամ: