ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 12-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստին։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կարող են հանդիսանալ ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմատնտեսական համագործակցության խորացման։
«Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է անվտանգության և կայունության առանցքային գործիք կազմակերպության պատասխանատվության գոտում: Կարևոր նշանակություն է տրվում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին, արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև կազմակերպության ռազմական ներուժի զարգացմանը»,-ընդգծել է փոխվարչապետը։
Տիգրան Ավինյանը շեշտել է, որ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության խորացման հիմնարար ոլորտներից մեկը բարձր տեխնոլոգիանների ոլորտում համագործակցությունն է, քանի որ այս ոլորտում համագործակցության աշխուժացումը կարող է դառնալ փոխգործակցության ընդլայնման լրացուցիչ և կարևոր գործիք։
Հայկական կողմը կազմակերպության շրջանակներում համագործակցության թույլ կողմերը լրացնելու համար առաջարկեց համագործակցություն հետևյալ ոլորտներում՝ ավտոմոբիլաշինության, հաջորդ սերնդի ցանցերի, ավիատիեզերական համակարգերի, միկրոէլեկտրոնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի, արդյունաբերական իրերի ինտերնետի և արհեստական բանականության ոլորտում։