ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսը։
Նախքան հիմնական քննարկմանն անցնելը, Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը վերջերս Երևանում կայացած դեսպանահավաքին, որը կրում էր «Արժեքներ գործողության մեջ․ Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագիրը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով այս հավաքն անցյալ տարի ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջինն էր, որն առանձնանում էր թե՛ բովանդակային․ թե՛ կազմակերպչական ձևաչափով։
«Համաժողովի նպատակն էր ընդգծելու հայկական դիվանագիտության սկզբունքներն ու առաջնահերթությունները և ուրվագծելու դրանց կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը։ Հանդիպման արդյունքում ընդգծեցինք արժեքների երեք հարթություն՝ քաղաքական արժեքները, պատմական ժառանգությունը և ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքները, որի վրա հենվում է մեր արտաքին քաղաքականությունը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեսպանահավաքի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել բիզնես ոլորտի ներկայացուցիչների, մարզպետների, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումների նպատակն է վեր հանել տարբեր ոլորտների ունեցած առաջնահերթությունները և արտաքին աշխարհին դրանց ներկայացման հնարավորությունները։
«Դեսպանահավաքի շրջանակներում կազմապետվեց նաև հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Հանդիպման շրջանակներում քննարկվեց նաև Մայր Աթոռի ու Սփյուռքի երեղեցական կառույցների միջև համագործակցության հնարավարությունները»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դեսպանահավաքի առանցքային հանդիպումներից է հանդիպումը Սփյուռքի գործերի նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, որի շրջանակներում քննարկվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և արտերկրի հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների համագործակցության շրջանակներն ու օրակարգը։