Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատման դիմում չի գրել, աշխատանքից չի ազատվել և շարունակում է պաշտոնավարել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից ազատվել է:
Ինչ վերաբերվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատման տեղեկություններին, Նաիրա Հարությունյանը նշեց, որ Քննչական կոմիտեն նրան աշխատանքից ազատելու լիազորություն չունի, քանի որ ՔԿ նախագահի տեղակալներին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։