Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխգործակցությանն ու ընթացիկ զարգացմանը վերաբերող հարցեր:
ՌԴ վարչապետը բարձր է գնահատել Տիգրան Սարգսյանի աշխատանքը ԵՏՀ նախագահի պաշտոնում և ընդգծել Տիգրան Սարգսյանի առանձնահատուկ դերը ԵՏՀ աշխատանքների կազմակերպման գործում
«Կարծում են՝ վերջին տարիներին հնարավոր է եղել ձևավորել բացարձակապես հանգիստ, արդյունավետ աշխատանք, երբ առօրյա խնդիրները չեն դրվում կառավարությունների ղեկավարների քննարկմանը, բայց միևնույն ժամանակ իրապես կարևոր հարցեր են առաջ քաշվում»,-ասել է Մեդվեդևը:
Դմիրտրի Մեդվեդևի խոսքով Տիգրան Սարգսյանը մշտապես կարևոր օրակարգ է առաջ քաշում, որը կարևոր է ԵԱՏՄ անդամ «հնգյակի» համար:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ հանձնաժողովի աշխատանքին դրական գնահատական տալու համար և նշել, որ ԵԱՏՄ մարմինների նիստերի շրջանակներում համակարգված հանդիպումները օգնում են տեսնել այն հեռանկարային ոլորտները, որտեղ Միության պետությունները համատեղ կարող են նոր հաջողությունների հասնել:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները տարեկան 4 անգամ տեղի ունեցող հանդիպումները խթան են հանդիսանում եվրասիական օրակարգի առաջխաղացման գործում:
«Ձեր այս նախաձեռնությունը, որին աջակցել են նաև մյուս վարչապետերը, շատ իմաստուն քաղաքական որոշում էր, որն օգնեց իրականացնել Եվրասիական միության պայմանագրով սահմանված բոլոր հիմնական նորմերը: Ձեր անձնական մասնակցությունը և համակարգված հանդիպումները, իհարկե, լուրջ խթան են հանդիսացել բոլոր հրատապ հարցերի լուծման գործում: Մենք իսկապես տեսնում ենք այն հեռանկարային ոլորտները, որտեղ մենք համատեղ ջանքերով կարող ենք հասնել նոր հաջողությունների»,-շեշտել է ԵՏՀ Խորհրդի նախագահը: