Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հերթական քննարկումը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներլայացրել է Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրականացված ուսումնասիրությունները և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել:
Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն:
Նիկոլ Փաշինյանը շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին հանձնարարել է համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծության և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար: