ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ամուլսարի հարցով ունի մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նման տեսակետ է հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ շահագրգռվածություն ունի հանքի շահագործման-չշահագործման հետ կապված:
«Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունն ու պահպանումը, որևէ այլ շահագրգռվածություն ես չունեմ»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։
Հարցին, թե արդյոք հանքը շահագործելու համար պարտադրանք կա՞, Տիգրան Ավինյանը նշել է՝ միակ պարտադրանքն այն է, որ Հայաստանը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր:
Հարցին, թե Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական հեռանկարով արդյոք հետաքրքրվա՞ծ է՝ փոխվարչապետը վստահեցրեց, որ ինքն առհասարակ բոլոր հանքերի շահագործման բնապահպանական խնդիրներով է մտահոգված, և Ամուլսարի հարցը բացառություն չէ:
Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել Ամուլսարի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները` նշելով, որ Ամուլսարի գործով հնարավոր են արբիտրաժային գործընթացներ։
ՀՀ փոխվարչապետն անդրադարձավ նաև հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդ» ընկերության կատարած հայտարարությանը՝ նշելով, որ Քննչական կոմիտեի եզրակացությունը պրոֆեսիոնալ քննության և գնահատանքի կարիք ունի, ինքը այս պահին չի կարող այն գնահատել։