ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զորավարժարանի շարահրապարակում հնչել են մասնակից երկրների պետական օրհներգերը, հանդիսավոր քայլերթով անցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային ստորաբաժանումները:
Համատեղ զորավարժության անցկացումը կարևորվում է ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ՀՕՊ միավորված համակարգում համատեղ խնդիրներ կատարելու ու փոխգործակցելու տեսանկյունից: Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն իր ելույթում հաջողություն և արդյունավետ մասնակցություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:
Մարտական հրաձգությամբ անցկացվող «Մարտական ընկերակցություն 2019» զորավարժության ավարտական փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին: