Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մեկնարկած ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի շրջանակներում, որը կրում է «Արժեքներ գործողության մեջ․ Հայաստանի դիվանագիոտությունը փոփոխվող աշխարհում» խորագիրը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադաձել է նաև միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ Հայաստանի հետ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի հետ հարաբերություններին։
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Հայաստանը թե՛ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի և թե՛ ուժային կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման շրջանակում առաջնորդվում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության պահպանմանն ուղղված սկզբունքով։
«Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության պահպանումը և ամրապնդումը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից: Մենք տեսել ենք, թե մեր հարևան տարածաշրջաններում անվտանգության համակարգի փլուզումն ինչ ծանրագույն հետևանքներ է ունեցել այդ ժողովուրդների, նրանց տնտեսության և պետականության համար: Ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն է մեր տարածաշրջանային անվտանգության և խաղաղության անհրաժեշտ պայմանը և Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ վերջին շրջանում վարած քաղաքականությանը՝ նշել է, որ Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են:
«Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Զոհրաբ Մնացականյանը։
«Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք։ Խաղաղությունն այլընտրանք չունի և Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար»,-ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում միջազգայնորեն ընդունված միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների դերակատարումն արցախյան հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում։
«Հայաստանը հստակ արտահայտել է իր մոտեցումները Ղարաբաղյան խաղաղ կարգավորման առնչությամբ: Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Անդրադառնալով Արցախի ներկայացուցչի բանակցային գործընթացում ներառվելու հարցին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է․
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, որը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացումը և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում: Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ»: