Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը, որը կրում է «Արժեքներ գործողության մեջ․ Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագիրը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ համաժողովի շրջանակներում հստակ ամրագրվում է ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնական սկզբունքները, որոնք պետք է ապահովեն հայկական դիվանագիտության հարատև և շարունակական բնույթը։
ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնական սկզբուքներն են՝
1․Ինքնիշխանություն ․ Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ այս սկզբունքի առանցքը Հայաստանակենտրոն արտաքին քաղաքականությունն է։ Այն ներառում է Հայաստանի էթնիկ շահերը՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելությունից Հայաստանի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը։
«Անկախ արտաքին քաղաքականության համար հիմնարար պայման է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը։ ՀՀ դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել։ ՀՀ դիվանագիտության մեջ այս սկզբունքը կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միայն ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա»,-նշել է Զոհրաբ Մնացականյանը։
2 ․ Համահայկականություն ․ Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ սա և՛ սկզբունք է, և՛ միջոց։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ առաջին հայացքից հավակնոտ թվացող այս սկզբուքն արտացոլում է ոչ միայն Հայաստանի՝ հայության կենտրոն և գործողություններ առանցք լինելու հանգամանքն, այլև հայկական դիվանագիտության կողմից ՀՀ-ն, Արցախն ու աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը՝ դրանից բխող միասնական ազգային օրակարգով։
«Համահայկականության սկզբունքը ներառում է մեր ազգային ինքնության պաշտպանությունը, պահպանությունը, զարգացումը և մի շարք հարթակներում ազգային արժեքների պաշտպանությունը։ Այս սկզբունքն առաջին անգամ է ամրագրվում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ և հանդիսանալու է մեր դիվանագիտական գործունեության գլոբալ հովանոցը, որն իր մեջ ներառելու է ազգային շահերի պաշտպանությունը»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։
3․ Փոխգործակցություն ․ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է ցանկացած պետության հետ համագործակցության։
«ՀՀ-ն շարունակելու է աշխատել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության զարգացման ուղղությամբ և այդ նպատակով պատրաստ է համագործակցել բարեկամ պետությունների և մյուս բոլոր գործընկերների հետ»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է մեծ ներդրում ունենալ միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման մեջ՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը։
Անդրադառնալով անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և դրա աշխարհաքաղաքական ուղղվածությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է․
«Հայաստանում տեղի ունեցած իրողությունները զերծ էին աշխարհաքաղաքական կողմորոշումից և դրա լավագույն վկայությունն այն իրողությունն է, որ Հայաստանը չկատարեց գլոբալ ուժերի հարաբերակցությունը փոփոխող արտաքին քաղաքական քայլեր և ձեռնամուխ եղավ ինքնիշխանության սկզբունքի շրջանակներում համաշխարհային բոլոր դերակատարների հետ հարաբերությունների կառուցմանը։