ԵԱՏՄ-ում 2025թվականի հունվարի 1-ից կսկսի գործել ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան։ Ամսաթիվը հայտարարվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էլեկտրաէներգետիկայի գծով խորհրդատվական կոմիտեի Չոլպոն Աթայում տեղի ունեցած արտագնա հանդիպման ընթացքում։
Ըստ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկայի և ենթակառուցվածքների գծով կոլեգիայի անդամ էմիլ Կայկիևի՝ ընդհանուր շուկայի ստեղծումը կնպաստի ոչ միայն անդամ երկրների կայուն զարգացմանը և էներգետիկ անվտանգության ապահովմանը, այլ նաև հնարավորություն կտա գործարարներին ազատ ընտրել էներգետիկ ռեսուսրների մատակարարներին, ինչն էլ դրական ազդեցություն կունենա արտադրվող ապրանքի ինքնարժեքի վրա։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ինտեգրացիոն միավորման մեջ հատուկ մարմնի ստեղծման հարցը, որը կզբաղվի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի համակարգման աշխատանքներով։
Նշենք նաև, որ ընդհանուր էներգետիկ շուկայի թեման բազմիցս շոշափվել է ԵԱՏՄ տարբեր հանդիպումների ընթացքում, մասնավորապես․ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում քննարվել են էներգետիկ ոլորտում նորարարությունների ներդրման, ոլորտում թվայնացման, արևային և քամու էներգիաների օգտագործման հետ կապված կարևոր հարցեր։