Հայկական կողմն ամեն ինչ անում է Ադրբեջանում գտնվող ՊԲ զինվոր Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ԱԳՆ-ն այս հարցով համագործակցում է Կարմիր խաչի և ՊՆ-ի հետ։
«Այս և մյուս կառույցները զբաղվում են այս հարցով՝ գործադրելով անհրաժեշտ բոլոր ջանքներն ու գիտակցելով հարցի զգայունությունը»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Դուշանբեում Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումից հետո կողմերի միջև սահմանի և շփման գծի մասին տեղեկատվության փոխանակման ուղղությամբ օպերատիվ կապին՝ նշելով, որ այն գործում է։
Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը և բանակցային գործընթացին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ բանակցային գործընթացքում, ընդհանուր առմամբ, կանգ չկա, իսկ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ առաջիկա հանդիպման մասին սահմանված ժամկետներում հայտարարություն կարվի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքը՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։