Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը նախատեսված էր անցկացնել օգոստոսի 14-ին, հետաձգվել է: Այդ մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթաժողովը հետաձգվել է տեխնիկական պատճառներով։
Եռակողմ ձևաչափով առաջին գագաթաժողովը կայացել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 2016 թ․ օգոստոսին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ։ Գագաթնաժողովի շրջանակներում նախագահները քննարկել են համատեղ տնտեսական նախագծերին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը։ Բաքվում կայացած գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է եռակողմ համագործակցությունը զարգացնելու մասին հռչակագիր:
Փաստաթղթի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն հակաահաբեկչության դեմ պայքարում, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ոլորտում, Կասպյան տարածաշրջանում համագործակցության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում կապերի զարգացման ոլորտում:
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2017 թ․ նոյեմբերի 1-ին Թեհրանում:
Երեք երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը, սիրիական կարգավորմանը և Կասպյան տարածաշրջանում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ օգոստոսին կայանալիք հանդիպման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր դեռևս հուլիսի 16-ին՝ Պեկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։