Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Մխիթար Սպարապետի գերեզման այցելությամբ։ ՀՀ վարչապետը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, այնուհետ մասնակցել զրահատանկային առանձին գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև քայլել են Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցի հաջորդ կանգառը Խնձորեսկի գյուղապետարանն էր, որտեղ նրանց ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ ՀՀ վարչապետն ու նրա տիկինը զրուցել են բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմի նահատակների հուշակոթողին և Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցիների հիշատակին նվիրված հուշակոթողին։
Վարչապետ Փաշինյանը նաև այցելել է Սպարապետի օրվա տոնական միջոցառումների շրջանակում Խնձորեսկում անցկացվող էքսպո-ցուցահանդես, ծանոթացել ներկայացված արտադրանքին։