Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է անվտանգության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մշակվող քաղաքականությունը` հատուկ ընդգծելով դրանց կարևորությունը: ՀՀ ԱԽ քարտուղարը նաև անդրադարձել է Արցախում ականազերծման ծրագրերին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությանը` նշելով այդ ծրագրերի կարևորությունը տեղի բնակչության համար։ Նա հատուկ ընդգծել է նաև Արցախին տրվող Ամերիկյան մարդասիրական օգնության շարունակականության կարևորությունը:
Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորումը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որը հատկացվում է ականապատված տարածքների ականազերծման համար։