Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ և լարվածության նվազմամբ: Այս մասին Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի համագործակցությունը որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, այն դեպքում երբ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ ունեն անհամաձայնություններ։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով առանձին դեպքում այս երկրները համակարգված աշխատում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Խոսելով հակամարտության կարգավորման գործում Հայաստանի ներգրավվածության մասին Զոհրաբ Մնացականյանը նշել է․
«Եթե ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի դերակատարությանը, ապա նշեմ, որ մենք հետաքրքրված ենք հետագա կայունության պահպանման և լարվածության նվազեցման հարցում: Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Երբ կա կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա ձեռնտու է բոլորին: Մենք ցանկանում ենք նպաստել կայունությանը: Մենք կարող ենք նպաստել դրան՝ առճակատումը մերժելու միջոցով՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ շահերը կարող են միավորվել՝ ի նպաստ կայունության: Մենք կարող ենք ներդրում ունենալ այդտեղ»։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանն ի ցույց է դրել դժվար մարտահրավերներին արձագանքելու իր կարողությունը. այն է, որ հնարավոր է նույնիսկ այս անհանգիստ ժամանակաշրջանում և առկա մարտահրավերների պայմաններում հարաբերությունները կառուցել կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ և Միացյալ Նահանգների հետ համագործակցության ոգով՝ մեկ գործընկերոջ հետ հարաբերությունները երբեք չկառուցելով մյուսի հաշվին: