Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը որոշում է կայացրել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։ Ցավակցում ենք ՀՔԾ-ին և դատախազությանը»,- գրել է Մելիքյանը
Իրավաբան Երվանդ Վարոսյանն էլ գրել է, որ դատավոր Դավիթ Բալայանի կողմից քրեական գործը դատական քննության նախապարտաստելու փուլում որոշում է կայացվել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
«Որպես իրավաբան, ես օրինական որևէ այլ ելք այս գործի պարագայում չէի տեսնում։ Բայց Հայաստանում նման որոշում կայացնելու համար դատավորից պահանջվում է ոչ միայն գիտելիքների հարուստ պաշար, ոչ միայն երկարամյա փորձ, այլ նաև՝ դատավորի ամենակարևոր հատկանիշները` անկախությունն ու խիզախությունը։ Կայացված որոշմամբ դատարանը հաստատված է համարել այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցված է եղել քրեական գործի հարուցման հետ զուգահեռ, առանց դատավորի անձեռնմխելիության հաղթահարման, ինչն ապօրինի է դարձրել քրեական գործի ընթացքն առհասարակ»,- գրել է Վարոսյանը։
Իրավաբանը նշել է, որ դատարանը գտել է նաև, որ եթե անգամ դատավորի անձեռնմխելիությունը լիներ հաղթահարված, ապա դատավորին ու նիստերի քարտուղարին առաջադրված մեղադրանքն անորոշ է, իսկ վերագրվող արարքները չեն պարունակում քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները։
«Բացի այդ, դատարանը գտել է, որ եթե անգամ այդ հանցակազմի տարրերը ձևականորեն առկա լինեին մեղսագրվող արարքներում, ապա միևնույն է տեղի ունեցածը հանցագործություն չէր կարող համարվել, քանի որ այդ արարքները չեն ներկայացնում հասարակական վտանգավորություն, դրանցով էական վնաս որևէ անձի չի պատճառվել ու չէր էլ կարող պատճառվել։ Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է Վարոսյանը։