Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը ստորագրելուց հետո, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին, ով մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը։
Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ Ռուբեն Խաչատրյանը դեռևս կշարունակի իր մասնագիտական փորձով աջակցել այգուն, որպեսզի անցումային այս շրջանում նոր խնդիրներ չլինեն։
Փոխքաղաքապետն ընդգծել է, որ կտրուկ փոփոխություններ աշխատակիցների շրջանում չեն սպասվում, այլ կարևորվում է այգու առաջնային խնդիրների լուծումը՝ տարածքի ցանկապատում և այգու անվտանգության ապահովում, այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրություն։
Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կառավարման ոլորտում իր փորձը կներդնի այգու զարգացման գործում:
Հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանն աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է առանձին խորհրդակցություն:
Նշվել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում՝ փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Նա, մինչև այս, երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին: