ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հատուկ բանագնաց և դերասանուհի Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram-ում։
Իր առաջին գրառման մեջ նա կոչ է արել ուշադրություն դարձնել Աֆղանստանում տիրող իրավիճակին, որտեղ իշխանությունը գրավել է «Թալիբան» շարժումը:
«Հենց հիմա Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և իր մտքերը ազատորեն արտահայտելու հնարավորությունը։ Այնպես որ, ես գրանցվեցի instagram-ում, որպեսզի կիսվեմ այդ մարդկանց պատմությունները և փոխանցեմ այն մարդկանց ձայները, ովքեր պաշտպանում են իրենց իրավունքները, ինչպես նաև պայքարում են մարդու իրավունքների համար ամբողջ աշխարհում», — գրել է դերասանուհին իր առաջին հրապարակման մեջ:
Դերասանուհին հրապարակել է մի աֆղան աղջկա նամակ։
Նամակում աղջիկը գրել է իր զգացողությունների և հասարակության վերաբերմունքի մասին, որ իշխանության են եկել թալիբները: Նրա խոսքով՝ բնակիչների շրջանում վախ է նկատվում, թեև կան մարդիկ, ովքեր կարծում են, որ «թալիբները» փոխվել են: Նա խոստովանել է, որ չի հավատում այդ շարժման դրական փոփոխություններին, քանի որ նրանք «շատ վատ անցյալ ունեն»:
Բացի այդ, աղջիկն անհանգստություն է հայտնել, որ այժմ չի կարող հաճախել պարապմունքներին և աշխատել հետագայում: «Մենք կարծում ենք, որ մեր իրավունքները խախտվում են», — հավելել է նա:
Անջելինա Ջոլին իր գրառումն ուղեկցել Է աֆղան կանանց լուսանկարով:
Ջոլին ընդգծել է, որ ուղիներ է փնտրելու Աֆղանստանի ժողովրդին օգնելու համար։