Թեպետ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանելու հարցազրույցում հնչեցված հայտարարությունները, այնուամենայնիվ, այսօր իր հարցազրույցում Փաշինյանը պատասխանել է Ս. Սարգսյանի մի շարք հայտարարությունների:
Մասնավորապես, անդրադառնալով սպառազինության պլանը փոխելու հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է.
«Սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Եվ նրանք, ովքեր պնդում էին, թե նման փոփոխություն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են: Բայց շատ կարևոր է արձանագրել, իսկ ի՞նչ է ասել Գլխավոր շտաբի նախկին պետը: Շատ լավ, մենք գրում ենք, որ պետք է գնենք: Իսկ ո՞վ է, որ մեզ վաճառելու է այն որակյալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է: Սա նույնպես կարևոր հարց է: Եվ այդ տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից և այլն, և այդպես շարունակ: Շատ կարևոր արձանագրում. օրինակ, տեսեք, վարչապետ ընտրվելուց հետո, ես ի՞նչպիսի քայլեր եմ ձեռնարկել բանակի և զինված ուժերի նկատմամբ: Վարչապետ եմ դարձել հեղափոխությամբ: Եվ ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում: Պաշտպանության նախարար եմ նշանակել մի մարդու, որը մերժվածի իշխանության օրոք երկար տարիներ եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և միակ մարդն է եղել, որ 2018թ. մերժվածի կառավարությունում ունեցել է նախարարի կարգավիճակ ու իմ կառավարությունում նույնպես շարունակել է ունենալ նախարարի կարգավիճակ»:
Փաշինյանը նաև նշել է, որ այսպիսի ռազմաքաղաքական իրավիճակում, որն ունենք, բանակում հեղափոխական միջամտություններ անելը կարող է շատ նեգատիվ հետևանքների բերել. «Նկատի ունեմ, այն բանակը, որ մենք ունեցել ենք 2020թվականին, դա նույն բանակն է, որ մենք ունեցել ենք 2018թ.-ին՝ այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպայական և շարքային կազմերի աշխատավարձերը, որ ռազմական ծախսերն աճել են 20 և ավելի տոկոսով: Մի տարում ռազմական ծախսերը 20 և ավելի տոկոսով աճել են: Եվ մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր»:
Դիտարկմանը՝ Սերժ Սարգյանն ասում է՝ զարմացած եմ, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել ու հարցին՝ այդ ակնարկը ձե՞զ է հասցեագրված, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց, կարծում եմ, մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:
Ինչ վերաբերում է իշխանությունը ոչ թե Նիկոլ Փաշինայնին, այլ Կարեն Կարապետյանին հանձնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանն ի հայտարարությանը՝ Փաշինյանը նշեց. «Բայց մերժվածն ով էր, որ մի հատ էլ իշխանություն փոխանցեր ինչ-որ մեկին: Ինքը որոշո՞ւմ էր, թե ում պետք է փոխանցի: Ժողովուրդն է որոշում, թե ում պետք է փոխանցի»: