«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր կառավարության ձևավորման ամենաբարդ օղակն արտգործնախարարի պաշտոնի հարցն է։ Որոշ տեղեկություններով՝ իշխանություններին չի հաջողվում հարմար թեկնածու գտնել․ բանն այն է, որ այս պաշտոնի թեկնածուին պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի հետ, և սրանով էր պայմանավորված, որ չեղարկվեց Փաշինյանի նախնական որոշումը՝ Ռուբեն Ռուբինյանին ԱԳ նախարար նշանակելու վերաբերյալ։ Իշխանությունների տեղն այնքան նեղ է, որ անգամ քննարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին այս պաշտոնում նշանակելու հարցը, ՌԴ-ն դրան դեմ չէ, փոխարենը Փաշինյանն է երկմտում։ Այդ նշանակումից հետո ինչպե՞ս պետք է հանրության առջև արդարանա, թե ինչու էր պատերազմի պարտությունը դնում բանակի և Դավիթ Տոնոյանի վրա, նրան ազատում աշխատանքից։ Նիկոլ Փաշինյանն ավելի հակված է այդ պաշտոնում նշանակել Արարատ Միրզոյանին, բայց Միրզոյանը դեմ է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտադրություն չունի մնալ քաղաքականության մեջ և օրենսդիր կամ գործադիր մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնել: Ըստ մեր տեղեկությունների՝ նա իր մտերմիկ շրջապատում է ասել այդ մասին: Ավելին, մենք տեղեկացանք, որ նա նախընտրում է տեղափոխվել մասնավոր ոլորտ և այդ մասին արդեն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե չի ցանկանում ո՛չ գործադիրում, ո՛չ էլ օրենսդիրում որևէ պաշտոն զբաղեցնել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում քննարկվում է կառուցվածքային փոփոխությունների հարցը, և մի շարք նախարարություններ, որոնք 2018-ին միավորել էին, կրկին ուզում են առանձնացնել։ Խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների մասին է, իսկ սփյուռքի գրասենյակը հնարավոր է փակվի և որպես բաժին՝ գործի ԱԳՆ կազմում։ Եթե որոշումն ընդունվի, ապա նախագիծը պետք է ներկայացվի նոր գումարման խորհրդարանի հավանությանը՝ հենց առաջին նիստին, որպեսզի խորհրդարանը հաստատի, ապա միայն ձևավորվի նոր կառավարություն»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքն» անդրադարձել էր, որ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են այսօր ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, բայց ոչ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրերին տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թերեւս վերջին նիստը, որը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Իշխանական խմբակցությանը հավաքել է Մակունցը՝ պարզելու համար, թե ում որտեղ, ինչ պաշտոնի են պատկերացնում: Բանն այն է, որ մինչև հուլիսի վերջ Մակունցը պետք է հեռանա Հայաստանից՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու համար, և փորձել է վերջին անգամ թիմի հետ քննարկել իրենց անելիքները: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ շատ ակտիվ են եղել այսպես կոչված ՀԿ թեւի պատգամավորները, որոնք հայտարարել են, թե ովքեր պետք է ամեն գնով շարունակեն պաշտոնավարել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը, մեր տեղեկություններով, օրերս նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն։ Նախկին խոսնակի համար հատուկ փոխտնօրենի հաստիք է բացվել: Մինչ այդ կառույցում գործել է փոխտնօրեն՝ ֆինանսավարչական գծով։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր Լյովա Դուլյանը՝ հայտնի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի եղբայրը»։