Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ կառավարությունում քննարկվում է Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ՝ կապված բյուջետային սուղ միջոցների հետ։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ օրենքում փոփոխություններ կատարելու հետևանքով կարող են կրճատվել զինվորական հաշմանդամության կենսաթոշակները և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների իրավունք ունեցողների փոխհատուցումը։
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Armenia Today-ը տեղեկատվական հարցում ուղարկեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Մեր հարցին, թե կա՞ արդյոք այդպիսի նախաձեռնություն, ո՞րն է դրա նպատակը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին, որ նախարարությունը Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Այնուհետև ուղղորդել են հարցն ուղղել Պաշտպանության նախարարությանը։
Պաշտպանության նախարարությունից մեր հարցման պատասխանում մանրամասնեցին, որ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենք, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մեզ հուզող հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներով։
ՊՆ-ն նշել է նաև, որ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների և կենսաթոշակային ապահովության փոփոխության նախագծեր նախարարությունում մշակված չեն և չեն քննարկվում։