Նոր տարի է՝ 2021 թվականը։ Այս տոնի խորհրդանիշներից մեկը շամպայնն է։ Եվ, իսկապես, ինչ նոր տարի՝ առանց բաժակների ղողանջի ու բարի ցանկություններով կենացների։
Ռեդինգի համալսարանի անգլիացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և եկել այն եզրակացությանը, որ շամպայնն օգտակար է առողջության համար: Պարզվել է, որ փրփրուն գինին համարժեք է մաքուր օդում մեկ ժամ զբոսանքին։ Փորձագետները հակված են հավատալ, որ շամպայնն ավելի օգտակար է, քան սովորական գինին։ Նրանց կարծիքով՝ շամպայնը լավացնում է մաշկն ու հիշողությունը, սրտի ու ուղեղի աշխատանքը։ Իսկ շաբաթական 1-3 բաժակ խմելը նպաստում է ոչ միայն հիշողության բարելավմանը, այլև կանխում է գլխուղեղի դեգեներատիվ հիվանդությունները, այդ թվում՝ դեմենցիան։
Ավելին, այն երիտասարդացնում է օրգանիզմը։ Գիտնականների կարծիքով՝ կարմիր խաղողից պատրաստված շամպայնը պարունակում է հակաօքսիդանտների բավական բարձր մակարդակ, որոնք կարգավորում են արյան ճնշումը և կանխում սրտի հիվանդությունները: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս խմիչքի կանոնավոր օգտագործումը զգալիորեն նվազեցնում է ինսուլտի վտանգը:
Շամպայնն օգտակար է նրանց համար, ովքեր չեն ցանկանում ավելորդ քաշ հավաքել։ Դիետոլոգները կարծում են, որ գազավորված ըմպելիքը պետք է ներառվի դիետիկ սննդակարգերում։ Շամպայնը պարունակում է ավելի քիչ շաքար և կալորիա, քան գինին։ Բացի այդ, փրփուրները հագեցվածության զգացողություն են առաջացնում: Համեմատության համար նշենք, որ կարմիր կամ սպիտակ գինու բաժակում պարունակվում է 200 և 135 կկալ, մինչդեռ չոր շամպայնի մեկ շիշը՝ ընդամենը 95։
Մաշկաբաններն էլ պարզել են, որ շամպայնը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք դրական են ազդում մաշկի վիճակի վրա։ Շամպայնի կանոնավոր օգտագործումը օգնում է հարթեցնել մաշկը, դրա երանգը, ինչպես նաև լուծել յուղայնության և ակնեի խնդիրները։ Այնպես որ, վայելեք շամպայն․․․ Շնորհավոր Նոր Տարի։